ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Առանց Քոչարյանի

Առանց  Քոչարյանի
06.06.2008 | 00:00

Ընդամենը ամիսներ առաջ հայրենի քաղաքական միտքը փորձում էր հասկանալ, թե ում ուղեգիծն է շարունակելու երկրի երրորդ նախագահը։ Արդյո՞ք հեռացող Ռոբերտ Քոչարյանի, ինչն ուղղակիորեն կփաստեր, որ նա բնավ էլ չի հեռանում, ընդամենը մեկ քայլ ընկրկում է դեպի «կուլիսներ»՝ դիրիժորի փայտիկը ձեռքում պահելով։ Քոչարյանը, սակայն, չարժանացավ իր ռուս պաշտոնակից Պուտինի «բախտին», որը նորընտիր նախագահի ձեռամբ կարգվեց երկրի գործադիր իշխանության գլուխ։ Սա ինքնին ապացույցն էր այն բանի, որ Հայաստանի երրորդ նախագահը, պատկերավոր ասած, պորտը կտրում է իր նախորդից և մտադիր է երկրի կառավարումն սկսել նոր, մաքուր էջից։ Հետաքրքիրն այն է, որ եթե մինչ օրս քաղաքական վերնախավը շրջահայացորեն խուսափում էր այս թեման հրապարակավ վերցնել¬դնելուց, այժմ սկսել է հանրությանը բավականին համարձակ, ինչ¬որ տեղ նույնիսկ սկանդալային բացահայտումներ հրամցնել։ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, Հանրապետականի մամլո պատասխանատու Էդուարդ Շարմանազանովը, օրինակ, երեկվա իր ասուլիսում ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, թե Սերժ Սարգսյանն ամենևին էլ Ռոբերտ Քոչարյանի ուղեգծի շարունակողը չէ, այլ՝ Անդրանիկ Մարգարյանի։ Ավելին, Շարմազանովը հատուկ ընդգծեց, թե հանրապետության երրորդ նախագահը Հանրապետականի քաղաքական գծի անմիջական շարունակողն է, այն նույն քաղաքականության, որի հիմնադիրը Աշոտ Նավասարդյանն է։ Այն քաղաքականության, որն ավելի ուշ կյանքի էին կոչում Վազգեն և Արամ Սարգսյաններն ու Անդրանիկ Մարգարյանը։ Թեև, ըստ երիտասարդ հանրապետականի, չափազանց դժվար է հեղաշրջման փորձից հետո կարճ ժամանակահատվածում երկիրն ուղղորդել դեպի նորմալ զարգացման հուն։ Պետք է հասկանալ՝ դժվար է, բայց ո՛չ անհնարին, եթե հայտարարվում է, որ նոր նախագահը ոչ թե իր նախորդի ուղեգիծն է շարունակելու, այլ իր վաղամեռիկ կուսակիցների։

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 10775

Մեկնաբանություններ